Սերբիան մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը: ՄԱԿ-ի ծրագիրը «հնարավորություն է բացում Կոսովոյի անկախության համար», որը Սերբիան «երբեք չի ընդունի», հայտարարել է Բ. Տադիչը պաշտոնական հայտարարության մեջ` տարածված Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի հետ հանդիպման արդյունքներից հետո: «Ստիպողական անկախությունը քաղաքական եւ իրավաբանական վտանգավոր նախադեպ կներկայացնի»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Մ. Ախտիսաարին Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին ներկայացրել է Սերբիայի ինքնավար մարզի ապագա կարգավիճակի վերաբերյալ ծրագիրը: Դեռեւս ծրագրի տեքստը չի հրապարակվել, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն ծրագիրը ներառում է Կոսովոյում բազմազգ կառավարություն կազմելու առաջարկ, որը «ժողովրդական իշխանություն կիրականացնի օրենքի տառին համապատսխան»:



Ընդ որում, փաստաթղթում չի հիշատակվում «անկախություն» տերմինը: Նաեւ ծրագրում ներառված են մարզի սեփական սահմանադրությունը եւ նրան «բանակցություններ վարելու եւ միջազգային համաձայնագրեր կնքելու, այդ թվում միջազգային կազմակերպություններում անդամակցելու իրավունք» տրամադրելու հանձնարարականներ:



Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղակատվություն էր հայտնվել, որ Սերբիան կարող է վերջ տալ դիվանագիտական հարաբերություններին այն երկրների հետ, որոնք ճանաչում են Կոսովոյի անկախությունը:



Կոսովոն դեռ մնում է Սերբիայի կազմում, սակայն 1999 թվականից ի վեր, Հարավսլավիայում ռազմական գործողությունների ավարտվելուց հետո, մարզը ղեկավարվում է ՄԱԿ-ի վարչակազմի կողմից: Ալբանացիները, որ այժմ կազմում են Կոսովոյի բնակչության 90 տոկոսը, հուսով են, որ բանակցությունների արդյունքում մարզը լիակատար անկախություն կստանա Սերբիայից, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---