Արամ Խաչատրյանի անվան մրցույթը 2016-ին անցկացվելու է «Դիրիժորություն» մասնագիտությամբ

Արամ Խաչատրյանի անվան  մրցույթը  2016-ին անցկացվելու է «Դիրիժորություն» մասնագիտությամբ

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ: Մրցույթն ուղղված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

2016-ին 12-րդ միջազգային մրցույթն անցկացվում է «Դիրիժորություն» մասնագիտությամբ։ Առաջին անգամ է մրցույթն անցկացվում այս մասնագիտությամբ, Classical-music.com-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Դիրիժորություն» մասնագիտությամբ մրցույթը միտված է երիտասարդ դիրիժորների ներկայացմանն ու առաջխաղացման աջակցությանը: Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթին կարող են մասնակցել 1981-ից հունիսի 6-ից հետո ծնված դիրիժորները՝ անկախ քաղաքացիությունից:

Մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 2 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 12 մասնակից:

2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 4 մասնակից: Հատուկ դեպքերում, ժյուրիի որոշմամբ, հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի մեծ թվով մասնակիցներ: Մասնակիցները մրցույթին ներկայանալու հրավեր կստանան 2016-ի մայիսի 1-ից ոչ ուշ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Մրցույթն անցկացվում էՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: Միջազգային մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է:

Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը լայն է` այն ներառում է ներկայացուցիչների ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից և այլ երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---