Սպիտակ տունը կրկին առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի վարչակազմը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել 2008 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որտեղ կրկին առաջարկում է խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ավելին, բյուջեում ընդգրկված չէ առանձին օգնություն Լեռնային Ղարաբաղի համար: ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված բյուջեի նախագծով Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրվում է ընդամենը 35 մլն դոլար, 2006 թվականի 69 մլն-ի դիմաց:



Սպիտակ տունն առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը երկու կատեգորիաներում` օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) եւ միջազգային ուսուցում եւ մարզում (IMET): Ըստ նախագծի, FMF-ով Հայաստանին է տրամդրվում 3 մլն դոլար, ինչը 30 տոկոսով պակաս է քան նախորդ տարի, այն դեպքում, երբ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 4,3 մլն դոլար: IMET ծրագրով Հայաստանի համար նախատեսված է 300 հազար դոլար, ինչը 64 տոկոսով քիչ է, քան 2006 թվականին: Ադրբեջանի համար Սպիտակ տունը մտադիր է այդ ծրագրով տրամադրել 1 մլն դոլար 2006 թվականի 823 հազար դոլարի դիմաց: Այդպիսով, Ադրբեջանին առաջարկվում է ռազմական ծախսերի համար տրամադրել 38 տոկոսով ավելի գումար քան Հայաստանին:



«Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ նախագահը կրկին փորձում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական պարիտետի խախտման համար: Մենք դիմում ենք մեր ընկերներին ԱՄՆ Կոնգրեսում, պահպանելու համար ռազմական օգնության հարցում հավասարության սկզբունքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ելնելով այն բանից, որ Հայաստանը ԱՄՆ գործընկերն է»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտերկրյա գործողությունների գծով ենթակոմիտեները մտադիր են վերանայել բյուջեն եւ ներկայացնել արտերկրյա օգնության սեփական նախագիծը 2008 թվականի համար: Սպիտակ տունն ու Կոնգրեսը Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման հարցում հավասարակշռություն պահպանելու մասին համաձայնության են եկել 2001 թվականին, երբ ԱՄՆ նախագահը կասեցրեց Ազատության ակտի 907-րդ ուղղման գործողությունը, որով արգելվում էր ուղղակի օգնությունն Ադրբեջանին: ANCA-ն գտնում է, որ հավասարության խախտումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---