«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծն ԱԺ-ում չի անցել. Քվորում չի ապահովվել

«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծն ԱԺ-ում չի անցել. Քվորում չի ապահովվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Ազգային ժողովում տապալվել էր «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը պարտքերից ազատելու, արտոնություն տալու նախագիծը: Օրինագծի քվեարկությանը մասնակցել էր 54 պատգամավոր. 53-ը կողմ էին, մեկը՝ դեմ, մինչդեռ քվորում ունենալու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի մասնակցություն:

Ազգային ժողովում օրինագիծն անցել էր երկու ընթերցում, բայց խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց անցկացնել երրորդ և վերջնական ընթերցումը:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել կառավարության ներկայացրած ցանկալի նախագիծը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում չկարողացանք անցկացնել օրինագիծը, պարզապես ներկա չեն եղել մեր պատգամավորները»:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում օրինագծին հետագայում, Այվազյանն ասել է. «Եթե կառավարությունը գտնի, որ օրինագծի ընդունումը կարևոր է ու նպատակահարմար, նորից կներկայացնի խորհրդարանին», մեջբերում է Panorama.am-ը:

Այվազյանի խոսքով, նախագիծը չընդունելու հետևանքով հազարից ավելի մարդ կմնա առանց աշխատանքի, իսկ գործարանում ներդրումներ չեն կատարվի:

«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծն ապրիլի 25-ին ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---