Նոր ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում. Հարձակվել են Փայլանի վրա (վիդեո)

Նոր ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում. Հարձակվել են Փայլանի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև, հայտնում է Tert.am-ը:

Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Ավելի վաղ` ապրիլի 28-ին, Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ իշխող Արդարության և զարգացման (ԱԶԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների միջև:

Ապրիլի 22-ին Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Մարտի 6-ին Կարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---