Նախարար. Հիմնական դպրոցը, բանավոր քննությունների ձևաչափը պետք է վերականգնվի

Նախարար.  Հիմնական դպրոցը, բանավոր քննությունների ձևաչափը պետք է վերականգնվի

PanARMENIAN.Net - Հիմնական դպրոցը պետք է վերականգնվի, մասնավորապես, կրկին պետք է ներմուծվի շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը։ Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում մայիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավաստագրման քննությունները, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նախարարը շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Վստահ եմ, որ քննություններն անցկացվելու են հանգիստ մթնոլորտում: Առավել ևս` ներկաների մեծ մասը պրոֆեսիոնալներ են և տիրապետում են իրենց գործին»,-նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է հնարավորինս պարզեցնել հավաստագրման քննությունների ընթացակարգը:

«Հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է, սակայն այն պետք է իրականացնել աննկատ, առանց քննական ավելորդ իրարանցման: Այդ պատճառով նախատեսվում է մշակել այնպիսի մեխանիզմ, համաձայն որի` այն տնօրենները, ովքեր մեկ անգամ անցել են հավաստագրում, թերևս հրավիրվեն միայն պարզապես զրույցի` կրթության ոլորտի հիմնախնդիրների, դպրոցին հուզող հարցերի շուրջ:

Զրույցի ընթացքում պարզ կդառնա, որքանով է տնօրենը գիտակցում իր առաքելությունը, այն կլինի յուրօրինակ որակի հավաստում: Քննող հանձնաժողովի կազմում էլ պետք է անպայման ընդգրկենք հանրապետությունում հարգված մասնագետների»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վերոնշյալ բոլոր հարցերը կրթական բարեփոխումների ընդհանուր ծրագրում:

Նրա խոսքով, ոննություններին առաջին անգամ մասնակցող հավակնորդների համար էլ պետք է հնարավորինս պարզեցվի թեստային առաջադրանքը: Առհասարակ, հանրակրթության ոլորտում պետք է անել հնարավորը` բյուրոկրատական մոտեցումները վերացնելու համար: Բացի այդ, պետք է վերականգնենք հիմնական դպրոցը, մասնավորապես, կրկին ներմուծենք շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքի խնդիրներին:

«Առիթից օգտվելով` ցանկանում եմ կոչ անել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, այլ առաջին հերթին բոլոր ծնողներին՝ հաշվի առեք մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը, բոլորիս պատասխանատվության զգացումը, ավելի համեստ անցկացնել ձեր ավարտական միջոցառումները:

Այս տարի բոլոր միջոցառումները պետական մակարդակով երկրում ավելի համեստ են լինելու: Ոչ ոք չի խլում դրանք շրջանավարտներից, չի ասում մի ուրախացեք, բայց հավաստիացնում եմ, որ ցուցադրական մեծ գումարներ հավաքելը միայն վնասում է միջոցառման իմաստին: Առհասարակ, պետք է փորձել դրամահավաքը դպրոցից դուրս բերել, որպեսզի ծնողների կազմակերպած միջոցառումներին դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները կապ չունենան,»-նշել է Մկրտչյանը` պատասխանելով լրագրողների հարցին:

Նախարարը տեղեկացրել է, որ հանրապետության 11. 500 դիմորդ այս տարի կմասնակցեն ﬕասնական քննությունների:

«Ընդունելության քննություններն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Անցյալ տարվա հաﬔմատ դիմորդների թվի ակնհայտ նվազում չկա. 400-500-ով է պակաս: Նույն 11. 500-ի կարգի է դիմորդների թիվը, երևի կավելանան: Հիﬓական այն մտահոգությունը, որ կարող էր կտրուկ անկում լինել, այս տարի չունենք»,- նշել է Մկրտչյանը` ընդգծելով, որ 2018-ից հետո դիմորդների թվի աճ կնկատվի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2016 թվականի մայիսի 11-ին և 12-ին: Բանավոր փուլի օրերի մասին կհայտնվի գրավոր փուլից մեկ օր հետո:

2011-ից անցկացվել է թվով 12 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 3379, վերապատրաստվել 2945 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2638 հավակնորդի, 646 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 95 հավակնորդ: 2016 թվականի առաջին փուլին վերապատրաստվել է 433, հավաստագրման քննություններին դիմել 470 հավակնորդ: Քննությունները հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել 2 խմբով` յուրաքանչյուր խմբում մինչև 50 հավակնորդ:

Մարտի 12-ին Մկրտչյանը աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---