2015-ին ԼՂՀ-ում 9,1% տնտեսական աճ է գրանցվել

2015-ին ԼՂՀ-ում 9,1% տնտեսական աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

ԼՂՀ ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 209,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 9,1% աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 414,3 հազ ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 268,1 հազ դրամի դիմաց:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 53,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 2,5%-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 64,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12,9%-ով:

2015թ.ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 34 մլրդ 436,4 մլն դրամ կամ՝ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92,7%-ը: Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 83 մլրդ 107,7 մլն դրամ՝ նախատեսված 87մլրդ 736,3մլն- ի դիմաց, որը նախատեսված ծրագրի 94,7%-ն է:

ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող հարցեր:

Խորհրդարանականների խնդրանքով վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այս ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Գործադիրը չի բացառում օրենսդրական նախաձեռնություններով տնտեսական և հարկային գործիքների կիրառումը՝ իրավիճակը փոխելու համար:

Վարչապետը հավաստիացրել է, որ մանրամասն քննարկվում են բորոլր այն ոլորտային խնդիրները, որտեղ այս օրերի ընթացքում առավել շատ բարդություններ են առաջացել:

2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խմբակցություններում:

Ավելի վաղ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների վնասները բաժանում են երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի վնասը հաշվվում է մոտ 400-500 մլն դրամ, անուղղակի վնասն ավելի մեծ է և ամբողջ ծավալն ու տնտեսության վրա ազդեցությունը կհստակեցվի տարեվերջին:

«Օրինակ՝ ներդրումների մասով, ինչպիսի վարքագիծ կընդունեն մեր հավանական ներդրողները: Միանշանակ ազդեցություն կլինի ՓՄՁ-ի վրա, նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների շրջան է՝ գարնանացան, այսօր սածիլը պետք է դրված լինի, հողը պատրաստ, բայց ամբողջ երկիրն ուղղված էր մարտադաշտին սպասարկելուն, մեր տղամարդիկ առաջնագծում էին: Հիմա հաշվարկել ամբողջական վնասը դժվար է լինելու, ամեն ինչ ավելի պարզ կլինի տարեվերջին»,- ասել էր Հարությունյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---