3 մարտի 2007 - 14:42 AMT
Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու բացման ճշգրիտ ժամկետը դեռեւս անհայտ է
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անձամբ կբացի վերակառուցված Սբ.Խաչ եկեղեցին Աղթամար կղզում, որը անակնկալ էր շատերի համար ԱՄՆ հայկական լոբբիի Կոնգրեսում ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանն ուղղված ջանքերի լույսի ներքո»,-հաղորդում է «Հյուրիեթ» թերթը: Եկեղեցին վերականգնվել էԹուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության նախագծով եւ, ըստ թերթի, կբացվի մարտի 29-ին: Բացման օրը փոխվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ ապրիլին կայանալու են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումները ԱՄՆ Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը եկեղեցու բացմանը կլինի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատվիրակության եւ նախարարների կաբինետի անդամների հետ: Արարողությանը մասնակցելու համաձայնություն են տվել նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք հրավերներ են ստացել, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մինչդեռ, վեճերն այն մասին, թե պետք է արդյոք խաչ լինի եկեղեցու զանգակատան վրա, գնալով ուժգնանում են: Ըստ մշակույթի նախարար Աթիլլա Քոչի, «եթե խաչ եղել է, այժմ էլ պետք է լինի», գրում է «Հյուրիեթը», հիշեցնելով, որ Սբ.Խաչ եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջին Արծրունու կողմից 915-921 թթ. մ.թ.ա:

Հիշեցնենք, որ եկեղեցու բացման ժամկետը բազմիցս փոփոխվել է: Սկզբից այն բացելու էին ապրիլի 24-ին, սակայն հայկական սփյուռքի ճնշման ներքո, բացումը տեղափոխվեց ապրիլի 15-ին, այնուհետեւ` 11-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների փորձագետ Էրկուտ Էմչիօղլուն, բացման ճշգրիտ ժամկետը դեռեւս անհայտ է: Ըստ նրա, դա բազում պատճառներ ունի: «Ինչպես գիտեք, մայիսին Թուրքիայում կայանալու են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլին ԱՄՆ Կոնգրեսում լսումներ տեղի կունենան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերայլ: Ուստի, հավանաբար, Սբ.Խաչ եկեղեցու բացումը կկայանա մարտի վերջին»,-ասել է նա: