Ավտոբուսի պայթյունից բոլոր տուժածները դուրս են գրվել. Պատանիներն ինքնուրույն քայլում են

Ավտոբուսի պայթյունից բոլոր տուժածները դուրս են գրվել.  Պատանիներն ինքնուրույն քայլում են

PanARMENIAN.Net - Բժիշկների աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվել են: Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8՝ այդ թվում37-ամյա հղի կինը ով մայիսի 2-ին դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։

Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած 25 օրում դրական արդյունքներ են արձանագրվել։ Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո տղաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ պատանիների մոտ այսօր ֆունկցիաների խանգառումներ չկան, քայլում են։

Ռոլանդ Խոջոյանը և Էդգար Գասպարյանը մայիսի 20-ին դուրս գրվեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նրանց առողջական վիճակը որոշ ժամանակ կգտնվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հսկողության ներքո։

Այսպիսով, ավտոբուսի պայթունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:

Ավելի վաղ, դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հանդեպ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---