Երեւանն ու Մոսկվան կշարունակեն Հայաստանում Տիեզերական դիտարկման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպումը հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ՄԿՀ 8-րդ նիստի արձանագրության կատարման հարցերը, համագործակցության իրավապայմանագրային բազայի վիճակն ու զարգացումը, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ համագործակցությունը վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի, կապի, հումանիտար ոլորտներում: Մասնավորապես, նշվել է «Գազարդ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ Հայաստանի տարածքում գազաէներգետիկ նախագծերին «Գազարդի» մասնակցության վերաբերյալ համաձայնագրի հաջող իրականացումը, որի շրջանակներում Հայաստանի տնտեսության մեջ ներդրվել է 112 մլն ԱՄՆ դոլար:



Հանդիպմանը հայտարարվել է նաեւ Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության եւ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցչության բացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին: Հայկական կողմը տեղեկացրել է, որ Գյումրիում անհատույց հողահատկացում է արվել ՌԴ-ին 49 տարի ժամկետով եւ ֆինանսական միջոցներ են հատկացվել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության շենքի շինարարությանն աջակցելու նպատակով:



Կողմերը պայմանավորվել են հանձնարարել Ռուստիեզերքին եւ Հայաստանի փրկարար ծառայությանը շարունակել Հայաստանում Տիեզերական դիտարկման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Հանդիպմանը հաստատվել է նաեւ երկու երկրների շահագրգռվածությունը Հայաստանում ուրանի հումքային բազայի զարգացման եւ Ուրանի հարստացման միջազգային կենտրոնին (ք.Անգարսկ) Հայաստանի մասնակցության հարցերում:



Հայկական կողմը տեղեկացրել է, որ հուշագիր է ստորագրվել «Ռեզերվ կապիտալ էնթերփրայզիս կորպ.» կորպորացիայի հետ Կովկաս-Փոթի-Կովկաս միջազգային ուղիղ երկաթուղալաստանավային հաղորդակցության կազմակերպման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանը հակիրճ ժամկետում կտեղեկացնի Հայաստանին «Կովկաս» նավահանգստի լաստանավային համալիրի օգտագործման հնարավորության մասին` այդ երթուղում «Ռեզերվ կապիտալ էնթերփրայզիս կորպ.» կորպորացիայի լաստանավի կիրառման կապակցությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրություն է ստորագրվել: Կողմերը պայմանավորվել են ՄԿՀ-ի 9-րդ նիստը 2007 թվականի սեպտեմբերին Երեւանում անցկացնելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---