Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը ամերիկյան օրենսդիրներին դասախոսություններ չի կարդում

PanARMENIAN.Net - Վաշինգթոնում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` մարտի 14-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր:



ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձախմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն անդրադարձավ ԱՄՆ-Հայաստան ծավալուն օրակարգին եւ այն հարցերին, որոնց Կոնգրեսը իր ներդրումը կարող է ունենալ: Հադիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւին: Վերջինիս շուրջ առաջիկա քննարկումների կապակցությամբ ԱԳ նախարարը նշեց. «Ի տարբերություն Անկարայի իշխանությունների, Հայաստանի կառավարությունը ամերիկյան ընտրովի պաշտոնյաներին դասախոսություններ չի կարդում մարդու իրավունքների նման կարեւոր հարցերի վերաբերյալ: Ցավոք, թուրքական կառավարությունը շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականության արտահանումը, փորձելով ԱՄՆ-ին եւ այլ ազգերին պարտադրել թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներշնչված անհանդուրժողականությունը, որը հանգեցրեց լրագրող Հրանտ Դինքի սպանությանը: Դա չպետք է հանդուրժվի ոչ մի պետության եւ անհատի կողմից: Հայաստանի կառավարությունը հավատում է ամերիկյան ժողովրդավարական գործընթացին եւ հարգում է որոշումներ կայացնելու հարցում Միացյալ Նահանգների կոնգրեսականների միասնականությունը»:



Այցի ընթացքում նախարարը նաեւ հանդիպեց Վաշինգտոնում հայկական լոբիստական խմբերի ներկայացուցիչների հետ` մտքեր փոխանակելով ընթացիկ խնդիրների վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---