Սևանի մակարդակը 1 տարում բարձրացել է 14 սմ-ով

Սևանի մակարդակը 1 տարում բարձրացել է 14 սմ-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 61 սմ բարձրության վրա, ինչը 14 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, Սևանի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերևույթից 1900 մ 80 սմ բարձրության վրա:

Այժմ Արփա-Սևան թունելային ջրատարով օրական 1.115 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխվում, լիճ թափվող գետերը ևս ավելացրել են իրենց ելքերը, դրանց էլ գումարվում են առատ տեղումները: Արփա-Սևան թունելային ջրատարով ընփացիկ տարում տեղափոխվել է 58 մլն խորանարդ մետր ջուր: Եվս 11 միլիոն խորանարդ մետր ջուր մուտք է եղել ստորերկրյա հոսքի շնորհիվ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Մարտին Պետրոսյանի կան նախադրյալներ, որ մինչև Սևանից ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումները լճի մակարդակը կհավասարվի 1962 թվականի նիշին:

1961 թվականին լիճը գտնվել է ծովի մակերևույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, հաջորդ տարում՝ իջել ավելի քան 1.2 մետրով: Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչև 1980-ական թվականներին Արփա-Սևան թունելային ջրատարի շահագործումը:

Սևանի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին եւ շարունակվել մինչև 2003 թվականը: 2003-2016 թթ ընթացքում լճի մակարդակը շարունակաբար բարձրացել է ավելի քան 3,5 մետրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---