Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք ազգայնամոլի նկատմամբ դատավճիռը կկայացվի մարտի 9-ին

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը վճիռ կկայացնի Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ: Ըստ Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանի, թուրքական կողմը դատարան էր եկել պատրաստված: «Նրանք բերել էին իրենց հետ վկաների` պրոֆեսորներ Նորման Սթոունին, Ջասթին ՄըքՔարթիին, Պաուլ Լայդենգերին եւ Ժան Միշել Թիբոյին: Վերջինս այն պատմաբանն է, որ ֆրանսիական Սենատի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ Թուրքիայի քաղաքացիություն էր խնդրել»,- նշել է Շահինյանը: Հայկական կողմի փաստարկները դատարանում ներկայացնում էին Թեսսա Հոֆմանը, Իվ Թերնոնը եւ Ռայմոնդ Գեւորգյանը: Սարգիս Շահինյանը ասաց, որ Փերինչեքի վկաները փորձում էին ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, որ թուրքական կառավարությունը չէր կարող մի քանի ամսվա ընթացքում պլանավորել եւ իրականացնել ցեղասպանություն: «Հայկական կողմը ներկայացնող պատմաբանները, բնականաբար, հակադարձել են իրենց փաստարկներով: Դատավարությունը վերածվել է պատմական վիճաբանության, եւ դատավորները փաստորեն լսում էին պատմաբանների ներկայացրած փաստարկները: Դատավճիռը կարող է նախադեպ դառնալ, սակայն դա մեր նպատակը չէր: Մենք ուզում էինք, որ զուտ շվեյցարական օրենսդրություն խախտումը դատապարտվեր: Դատավճիռը կկայացվի ուրբաթ օրը, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրենք ինչ կարեւորություն կտան մեկ եւ մյուս կողմին»,- ընդգծել է Շահինյանը: Նշենք, որ պետական դատախազը պահանջել է 6 ամսվա ազատազրկման ենթարկել Դողու Փերինչեքին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---