Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանդիպման առանցքային հարցն է եղել

Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանդիպման առանցքային հարցն է եղել

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը:

Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք են մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Վոլոդյա Բադալյանը, Լևոն Մարտիրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուզաննա Մուրադյանը և Լյուդմիլա Սարգսյանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի առաջին մասի օրակարգային գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որի քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով` բարձրացնելով զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համապատասխան միջոցառումների անհետաձգելիությանը և վստահության մթնոլորտի ստեղծմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև իրենց մտահոգություններն են փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի կապակցությամբ:

Ելույթներին հաջորդել է թեմայի շուրջ մտքերի փոխանակություն, որին հայկական պատվիրակությունը ակտիվորեն մասնակցել է:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները՝ անդրադառնալով նաև Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին:

«Ադրբեջանի կողմից պլանավորած բլիցկրիգը տապալվեց, թեև ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործեց իր ողջ հարձակողական ռազմական զինանոցը, որը ձեռք էր բերվել նաև Ռուսաստանից: Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց և անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիևն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների և խաղաղ բնակիչների», - նշել է Զոհրաբյանը` անհասկանալի համարելով ռուս որոշ գործընկերների այն բացատրությունները, թե Ադրբեջանը, միևնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից:

«Դժվար է ընդունել այն միտքը, թե ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, և եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է և ոչ մի անձնական բան: Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է»,- նշել է Զոհրաբյանը:

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետևանքով հայ հասարակության մեջ հասունացած դժգոհություններն իր ելույթում փոխանցել է նաև ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը և հատկապես Հայաստանի բարեկամ պետությունները հասցեական և կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնի ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ:

«Ստեղծված իրադրությունում հակամարտության արագ հանգուցալուծում հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով», - իր խոսքում նշել է Սարգսյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հակառակ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի կարգավորման հարցում բավականին հստակ է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող զիջման առարկա լինել»:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խնբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ է արել միջազգային մորատորիում կիրառել զենքի վաճառքի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը` անհրաժեշտ համարելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և վստահության մթնոլորտի ստեղծման ապահովումը, որից հետո հնարավոր կլինի խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին:

Նաղդալյանը ևս մեկ անգամ հնչեցրել է ՀՀ Նախագահի այն շեշտադրումը, թե անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է հանդիսանում, հետևաբար տարածաշրջանում ցանկացած լարում չի կարող բխել որևէ երկրի շահերից, մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանի իշխող ռեժիմն իր հանցավոր պահվածքով անտեսում է այս ամենը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը չի շրջանցել նաև միջազգային հանրության անհասցե հայտարարությունների անթույլատրելիության փաստը՝ ընդգծելով, որ դա հատկապես նկատելի և անթույլատրելի էր ապրիլին՝ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ժամանակ և դրանցից հետո:

Հայկական պատվիրակության կազմում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցող քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը ներկայացրել է ռազմաքաղաքական և դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, խոսել դրանց պատճառների, նպատակների, ինչպես նաև հետևանքների մասին` նշելով, որ հանկարծակիության գործոնը, այնուամենայնիվ, չի օգնել Ադրբեջանին առաջ շարժվել, ինչի արդյունքում էլիտար զորամիավորումների և զորատեսակների մեծաթիվ կորուստներ ունեցան: Քաղաքագետն իր խոսքում ընդգծել է, որ վստահության մեխանիզմները սասանված են, և այսօրվա խնդիրը վստահության մթնոլորտի վերականգնումն է, իսկ այստեղ առանձնապես կարևորվում են տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դիրքորոշումները:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի առաջին մասի աշխատանքներն ամփոփել են հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը և Նիկոլայ Ռիժկովը:

Ռիժկովը նշել է, որ գլխավորը, այնուամենայնիվ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են և վստահեցրել, որ բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Նաղդալյանն իր ամփոփիչ խոսքում ևս կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ուժերի հավասարակշռության պահպանումն է տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը` որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները կշարունակվեն հունիսի 3-ին Կազանում:

Կարդացեք նաև՝ Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---