Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին

Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին

Զենքի բիզնեսն ու ղարաբաղյան հակամարտությունը

Ապրիլին տեղի ունեցած հայ-ադրբեջանական քառօրյա մարտերը կրկին առիթ հանդիսացան՝ քննարկելու Ռուսաստանի և այլ երկրների կողմից Ադրբեջանին տարատեսակ սպառազինության վաճառքի և դրանց անթույլատրելիության մասին խնդիրները։

PanARMENIAN.Net - Տեղին է նշել, որ Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի ռազմական ներմուծման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկիրն է, այլև այդ երկրին զենք-զինամթերք վաճառող միակ խոշոր տերությունը։ Ընդ որում, ռուսական կողմն անընդհատ շեշտում է, որ եթե չլինի զենքի վաճառք Մոսկվայի կողմից, ապա Բաքվին կզինի Արևմուտքը: Սակայն զենքի համաշխարհային շուկայում առաջատար արտահանողների զգալի մասը հրաժարվում է Ադրբեջանին ոչ միայն սպառազինություն, այլև ռազմական նշանակության տարբեր ապրանքներ վաճառել։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է վերջին տարիներին արձանագրված նման օրինակներից մի քանիսը։

Դեռևս 2014 թ․ օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգները մերժեց Ադրբեջանի հայցը՝ Աֆղանստանում իր խաղաղապահ ուժերի համար Cougar մակնիշի թեթև զրահամեքենաների և HMMWV («բարձր շարժունակության բազմանպատակ անվավոր ռազմական մեքենա», նշանավոր HUMMER-ի ռազմական տարբերակը) ամենագնացների գնման վերաբերյալ, որոնք ամերիկյան բանակը դուրս էր բերում Աֆղանստանից։ Ամերիկյան կողմը մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգո է սահմանել: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ չի մերժել Վրաստանի հայցը՝ այդ երկրին անվարձահատույց տրամադրելով 10 միավոր Cougar և ավելի քան 100 միավոր HMMWV մեքենաներ:

Ամերիկյան HMMWV -ն

ԱՄՆ-ն սկզբունքորեն Ադրբեջանին զենք չի վաճառում այդ երկրի անկախացումից ի վեր, երբ 1992 թ․ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից ստորագրված «Ազատության աջակցման ակտում» ԱՄՆ-ի հայ լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ առանձին կետով ամրագրվեց հայտնի 907-րդ ուղղումը («Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում»), որով Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժի և շրջափակման կիրառման հակազդեցության համատեքստում սահմանափակվում էր Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը։ Թեև 2002 թ․ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը մեղմացրեց 907-րդ փոփոխության գործողությունը (որոշ վերապահումներով), սակայն զենքի մատակարարման արգելքը փաստացի գործում է առայսօր։

Նմանատիպ մեկ այլ օրինակ էլ արձանագրվեց 2012-ի հունիսին, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանին հանեց այն երկրների ցանկից, որոնց թույլատրված է ԱՄՆ-ից ուղղաթիռներ և համապատասխան սարքավորումներ վաճառել։ ԱՄՆ Պետքարտուղարությունն այդ առիթով հայտարարեց, որ որոշումն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մտահոգության, որն առաջինը հնչեցրել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը։ Վերջինս մայիսի 29-ին նամակով դիմել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին՝ նշելով, որ Ադրբեջանը ԱՄՆ-ից գնած ռազմական նշանակության տեխնիկան կարող է օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման նպատակով։ Նախքան որոշման կայացումը տեղեկություն էր շրջանառվել, թե Ադրբեջանը ցանկանում է Մի-35Մ մարտական ուղղաթիռների համար դիտարկման սարքավորումներ գնել, որոնք իբրև թե պետք է օգտագործվեին Իրանի հետ սահմանի վերահսկողության նպատակով։

Ադրբեջանի օդուժի ռուսական արտադրության Մի-35Մ ուղղաթիռները

Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն և ռազմական նշանակության արտադրանք չեն վաճառում նաև եվրոպական մի շարք առաջատար երկրներ։ Մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում գնվող զենքերի կիրառման հավանականությունը մատնանշելով՝ նման հայտարարություններ են արել Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, որոնք վկայակոչում են հակամարտության կողմերին սպառազինության վաճառքի էմբարգոյի վերաբերյալ ԵԱՀԿ 1992 թ․ համապատասխան որոշումը։

Ադրբեջանի համար այդ առումով առավել աղմկահարույց դեպքերից մեկը արձանագրվեց 2011 թվականին, երբ գերմանական ընկերությունը վերը նշված պատճառով հրաժարվեց ռազմական նշանակության արտադրանք վաճառել, որը ստանալու էր Ադրբեջանը՝ այն էլ ոչ ուղղակիորեն Գերմանիայից։ Այդ ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանագիր էր կնքել թուրքական արտադրության 36 միավոր T-155 Firtina («Փոթորիկ») ինքնագնաց հաուբից գնելու վերաբերյալ, սակայն մատակարարումը տեղի չունեցավ, քանի որ գերմանական MTU Friedrichshafen ընկերությունը, որի արտադրած շարժիչները նախատեսված էին այդ հաուբիցների համար, էմբարգո դրեց և արգելեց Ադրբեջանին շարժիչներ վաճառել։ Գերմանական ընկերությունը հստակորեն հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է դրանք կիրառել ռազմական գործողություններում, և չեն ցանկանում զինել հակամարտող կողմերից մեկին։ Ի վերջո, 2012 թվականին Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքած պայմանագրով 18 միավոր 2С19 «Мста-С» հաուբիցներ գնեց։

Т155 Firtina հաուբիցը

Նույն պատճառով դարձյալ Գերմանիան միայն 2013-ին մերժել է զենքի գնման վերաբերյալ մի շարք երկրների 71 հայտ։ Այդ երկրների շարքում էր նաև Ադրբեջանը։

Т-90С տանկը

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականին Ֆրանսիան արգելել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված Т-90С տանկերի վրա ֆրանսիական արտադրության արդիականացված նշանառության համակարգեր տեղադրել։ Նման համակարգեր ռուսական կողմին մատակարարվում էին նախքան Ղրիմի ճգնաժամի արդյունքում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրումը՝ «Ուրալվագոնզավոդ» ընկերության (որն արտադրում է Т-90 տանկերը) հետ ֆրանսիական ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի հետ համագործակցության արդյունքում։

Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---