Ջեմալ փաշայի թոռը` Էրդողանին. Մի քիչ ազնիվ եղիր

Ջեմալ փաշայի թոռը` Էրդողանին. Մի քիչ ազնիվ եղիր

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք մտավորական, լրագրող Հասան Ջեմալը, անդրադարձել է Թուրքիայի «մարդասեր պատմության» վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին անհեթեթ հայտարարություններին, հայտնում է Tert.am-ը:

Թուրքական T24 կայքի իր սյունակում Հասան Ջեմալը մասնավորապես գրել է. «Այս օրերին Պալատի սուլթանը շատ է խոսում։ Հղիության արհեստական ընդհատման արգելքն է պաշտպանում, ասում է՝ առնվազն 3 երեխա, և ավելացնում է՝ «Աստված այդպես է կամենում»: Հետո շարունակում է. «Մայրանալը մերժող կինը թերի կին է»։

Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանության որոշմանն «այո» ասած թուրք պատգամավորների համար «արյան թեստ» է պահանջում։ «Դա ի՞նչ թուրք է։ Արյան լաբորատոր քննություն է պետք է անցկացնել»,- ասում է նա: Սա էլ է կարողանում ասել. «Մեր պատմությունը գթության պատմություն է, կարեկցանքի պատմություն»։

Հոդվածագիրը տարակուսում է թե ո՞ր մեկը գրես։ «Հավանաբար, մենք աշխարհի անիծված ծառաներն ենք: Այնպիսի պատիժ ենք կրում, որ կարծես ամեն օր ստիպված ենք լսել Էրդողանի բռնապետական անհեթեթ մեկնաբանությունները: Այդ անհեթեթ մեկնաբանություններն էլ չեն ավարտվում: Չգիտես՝ որտեղից սկսել։ Ուղեղում չի տեղավորվում,-գրել է նա:

«Իբր մեր պատմությունը «կարեկցանքի պատմություն է»: Էրդողանն այդպես է բարեհաճում։ Բա մի քանի տարի առաջ 1915 թվականի առումով ցավակցություն հղածն ո՞վ էր։ Քողարկված «ներողության» շուրջը պտտվողն ո՞վ էր։

Դեռ 2010 թվականին «1938 թվականին Դերսիմում 50 հազար մարդ կոտորվեց» ասողն ո՞վ էր: Երբ դու վարչապետի աթոռին էիր, այս բառերը քո բերանից դուրս չեն եկե՞լ: Մեր «ողորմած ու կարեկից» պատմության մեջ սեպտեմբերի 6-7-ը չկա՞»,-գրել է Ջեմալը:

1955.-ի սեպտեմբերին Ստամբուլում ջարդեր են եղել, որոնց թիրախում հիմնականում հույներն էին:

Հեղինակը հարց է տալիս. Չորումի կոտորածը չկա՞, Քահրամանմարաշի կոտորածը չկա՞, Մադըմաքի կոտորածը չկա՞։Թե՞ այսօր Սուրում, Ջիզրեում, Նուսայբինում, Շըրնաքում, Յուքսեքովայում, Սիլվանում տեղի ունեցող ողբերգությունները մեր պատմության գթասիրտ ու կարեկցանքի էջերում են տեղ գտնելու:

Մի քիչ ազնի՛վ եղիր, ազնի՛վ,-հորդորում է Ջեմալն էրդողանին:

«Գիտեմ, որ մի ժամանակ այս հողերի պատմությանն այսպես չէիր նայում: Մասնավոր զրույցներում ասում էիր, թե այս պետության հողերում ապրածների հանդեպ որքան կոպիտ, որքան դաժան են վարվել: Վաղուց են անցել այդ օրերը: Այժմ բռնապետության ճանապարհին ես։ Քո «բռնապետությունն» ես հիմնում։

Այսօր բերանիցդ դուրս եկող ամեն բառ տոտալիտար մտածողությանդ համահունչ է։ Դու ես որոշում, թե քանի երեխա պետք է ունենանք։ «Աստված ամենաքիչը երեք երեխա է ուզում» ասողն էլ ես դու: Կարողանում ես հայտարարել, որ ծնել չցանկացող կինը թերի կին է։

Այո՛, սա բռնապետական գլուխ է: Այո՛, աշխարհիկությանը դեմ գլուխ է։ Մարդու իրավունքները հաշվի չառնող գլուխ: Այո՛, ժողովրդավարության հիմքում ընկած բազմազանությունը ժխտող մի գլուխ է։ Այդ գլուխն այդքանով էլ չի բավարարվում. ռասիզմ է տարածում. ատելություն քարոզում: Մենք էլ ամեն Աստծո օր նստում, սուլթանի բռնապետական անհեթեթություններն ենք մեկնաբանում»,-ասվում է Հասան Ջեմալի հոդվածում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---