Մեկնարկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլ է սկսվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» միջազգային գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկայումս Թուրքիան իր ամբողջ ուժերն ուղղել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ հոդվածի քննարկումը կասեցնելուն: «Սակայն իրականում Թուրքիան դավաճանում է իր ռազմավարական դաշնակցին եւ գործընկերոջը, ինչն անթույլատրելի է ԱՄՆ-ի համար»,-ընդգծել է Մանոյանը: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը նշել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի ձեւակերպումները Հայաստանի մասով կարելի է գնահատել որպես ճնշման միջոց Երեւանի հանդեպ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: «Նման տիպի զեկույցը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, լինելով համանախագահող երկիր, հակամարտության կողմերից մեկի կողմնակիցն է: Անհասկանալի է նաեւ Երեւանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի Հայաստանում դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ արված արտահայտությունների առնչությամբ: Դիվանագիտական ոլորտում նման հայտարարություններն ուղղակի ընդունված չեն»,-ընդգծել է Կիրո Մանոյանը:



Ինչ վերաբերում է հայկական կողմի հետագա քայլերին, եթե հանկարծ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Մանոյանը կարծում է, որ պետք է պահանջել, որ Անկարան հայտարարի կատարված հանցագործության համար իր պատասխանատվության մասին: Ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է եւ պատասխանատվություն է կրում 1915 թվականի իրադարձությունների համար»,-ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:



Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների գծով վերջին զեկույցում Լեռնային Ղարաբաղն ու վերահսկվող տարածքները կոչված են «օկուպացված տարածքներ»: Հիշեցնենք նաեւ, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը «խորը հիասթափություն էր հայտնել» Արամ Համբարյանի խոսքերի առնչությամբ, որը հայտարարել էր, թե ԱՄՆ Սենատը չի հաստատի Հայոց ցեղասպանությունը մերժող եւ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների գործողությունների կանխամտածվածության մասին կասկածներ հայտնող Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնում: Արամ Համբարյանի հայտարարությունը «իրականության միտումնավոր ձեւախեղում է», ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---