ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Սեֆիլյանի գործով քննություն իրականացնողներից

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Սեֆիլյանի գործով քննություն իրականացնողներից

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 20-ին հայտնել է, որ ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

ՄԻՊ-ի կողմից արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ Սեֆիլյանին տեսակցության:

Հունիսի 21-ի առավոտյանՍեֆիլյանի հետ հանդիպել և զրուցել է նաև ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում:

Զրույցի ընթացքում Սեֆիլյանը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:

Ըստ Սեֆիլյանի՝ ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:

Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Սեֆիլյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---