28 մարտի 2007 - 18:36 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական խորհրդակցությունները կանցկացնեն Վիեննայում
ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Վիեննայում խորհրդակցությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը եւ կսկսեն նախապատրաստվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը: Խորհրդակցություններից հետո նրանք հանդես կգան երկու երկրների ԱԳՆ ղեկավարների առջեւ նոր առաջարկներով` հանդիպում անցկացնելու նպատակով: Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Աստանայում ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ նախարարները կարող են հանդիպել եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում: