Եկեղեցու բացումը Ախթամար կղզում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու փորձ է

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունների կողմից Ախթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման ու վերաբացման փաստն, անկասկած, դրական երեւույթ է, քանի որ խոսքը վերաբերում է հայ միջնադարյան ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկի վերածննդին, որը 1915 թ-ից հետո լքված եւ անբարվոք վիճակում էր: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի հայտարարության մեջ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման եւ բացման խնդրում թուրքական իշխանությունները եւ լրատվամիջոցները չեն շեշտում դրա պատմամշակութային արժեքը, որեւէ հիշատակություն չի արվում դրա հայկական եւ առաքելական պատկանելության մասին: Այս փաստը քարոզչական նպատակով շահարկվելով` բացառիկ ինտենսիվությամբ օգտագործվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով: Սա թուրքական կառավարության կողմից պատասխանատվության շրջանցում է ոչ միայն պատմությունից եւ հիշողությունից, այլեւ սեփական երկրի հայ փոքրամասնությունից:



Անդրադառնալով խնդրի պատմական կողմին` անհնար է չնշել, որ Սբ. Խաչ եկեղեցին Թուրքիայի տարածքում գտնվող հայ ճարտարապետական բազմաթիվ կոթողներից մեկն է միայն: Այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Անիի տասնյակ եկեղեցիները, Տեկորի եկեղեցին, Մշո Սբ. Կարապետ վանքը, Բագարանի Սբ. Հովհաննես տաճարը եւ հազարավոր ուրիշներ հիմնովին ոչնչացվել են կամ շարունակվում են ոչնչացվել: Այս բոլոր պատմական հուշարձանները ոչնչացվել են անտարբերության եւ հայերին պատկանելու հանգամանքից ելնելով, սակայն, երբ Թուրքիայում խոսվում է «անատոլիական մշակույթի» մասին, անհնար է պատկերացնել այդ մշակույթն առանց իր բաղկացուցիչ մաս հանդիսացող հայկական բաղադրիչի:



Հայաստանը գնահատում է Թուրքիայի նախաձեռնությունը` վերանորոգելու հայկական պատմամշակութային հայտնի արժեքներից մեկը` հույս հայտնելով, որ դա չի մնա որպես եզակի օրինակ: Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու է ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական պատվիրակությունը, ինչն ինքնին դրական քայլ է: Ցավալի է սակայն, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը չեն կարող մասնակցել Հայաստանի բազմաթիվ հայորդիներ, որոնց մի մասի նախահայրերն են կառուցել այդ եկեղեցին:



Ախթամարի վերակառուցումը ինչքան կարեւոր է մեր, նույնքան էլ` թուրք հասարակության համար: Մի ամբողջ ժողովրդի պատմական ներկայության, ինքնության եւ մշակույթի, քաղաքակրթական նման հզոր շերտի մերժումն այսօր անհարիր է մի երկրի ու ժողովրդի համար, որն ինքն է այսօր հավակնություններ ցուցաբերում մաս կազմել այսօրվա քաղաքակրթական արժեքային համակարգի: Այս բոլորի փոխարեն, ամեն կերպ արծարծվում է դրա քաղաքական ենթատեքստը, ենթարկվում է ցավալի շահարկումների ինչ-ինչ նպատակներով որպես «բարի կամքի դրսեւորում» Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---