Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության նախագիծն ընդունվել է

Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր:

Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, քաղաքական առաջնահերթությունների և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման:

Մուրադյանը նաև նշել է, որ նախագիծը բխում է նաև միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ու կենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից:

Ռազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել և ամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---