Amnesty. Սիրիացի ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին

Amnesty. Սիրիացի ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 5-ին: Ըստ իրավապաշտպանների, ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International (AI)-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ բնակիչները մշտական վախի մեջ են:

«Հալեպում և Իդլիբում զինյալները միանգամայն ազատ ռազմական հանցագործություններ են կատարում և խախտում են միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է Լյուտերը: Նա հավելել է նաև, որ ապստամբները օգտագործում են բռնության նույն մեթոդները, ինչ կանոնավոր սիրիական ուժերը: Զեկույցում ասվում է առևանգման 24 դեպքի մասին, ինչպես նաև խոշտանգումների 5 դեպքի մասին:

Սիրիացի քաղաքական ակտիվիստներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն առևանգել 2015-ի ապրիլին Հալեպում և 3 օր շարունակ կտտանքների ենթարկել. Կախում էին ձեռքերից, ծեծում, իսկ հետո ազատ են արձակել` նետելով ճամփի եզրին: Մեկ այլ ակտիվիստ պատմել է, որ 2014-ի հուլիսին նրան 2 ամիս շարունակ պահել են անազատության մեջ, խոշտանգումների ենթարկել ու ծեծել` ստիպելով խոստովանական ինչ-ինչ ցուցմունքներ ստորագրել:

Սիրիայի ապստամբ խմբավորումները զինված պայքար են մղում Սիրիայի օրինական կառավարության դեմ: Գրոհայինները հիմնականում սուննի արաբներ են, սակայն նրանց են միացել նաև քրդերից, սիրիացի թուրքմեններից, պաղեստինցիներից, լիբիացիներից բաղկացած խմբեր: Զինյալ խմբավորումների անդամներ են նաև գրոհայինները Լիբանանից, Թունիսից, Սաուդյան Արաբիայից, այլ երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---