2 ապրիլի 2007 - 15:41 AMT
ՎՈՒԱՄ-ը պահանջում է ՄԱԿ-ից «հակամարտությունների լուծման հիմք ճանաչել տարածքային ամբողջականությունը»
«Ցանկացած հակամարտության լուծման հիմք պետք է ճանաչել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց տարածքում են այդ հակամարտությունները»,-հայտարարել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար, Վրաստանի ԱԳՆ առաջին տեղակալ Վալերի Չեչելաշվիլին` նշելով, որ «այդ սկզբունքը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի բանաձեւի մակարդակով»: «ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կքննարկի խնդիրը ոչ թե որպես այդպիսին, այլ որպես Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ՎՈՒԱՄ երկրների առաջարկած նախագիծ, որի առանցքային կետը սատարումն է այդ երկրներին իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Չեչելաշվիլին: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կարգավորման մասնակիցների վերջին հայտարարությունները առիթ են տալիս կասկածելու, որ նրանք հավատարիմ են այդ միջազգայնորեն ճանաչված սկզբունքին: «Բառացի, կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն իրականում մեր մոտ կասկածներ են հայտնվում այդ հարցի վերաբերյալ կարգավորման գործընթացի որոշ մասնակիցների կողմից արված հայտարարությունների առումով»,-ընդգծել է Չեչելաշվիլին:

Ընդ որում ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարը հղում է արել վերջերս «Boss» ամսագրին ՌԴ ԱԳՆ պետական քարտուղար Գրիգորի Կարասինի տված հարցազրույցին, որն յուրահատուկ կերպով է գնահատել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում հակամարտությունների կարգավորման հեռանկարները: «Մասնավորապես, նա այնքան էլ միանշանակ չի գնահատում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Մենք կցանկանայինք առավել հստակ ազդանշաններ ստանալ այդ հարցի վերաբերյալ խաղաղ գործընթացի բոլոր կողմերից: Անկասկած, նաեւ Ռուսաստանից»,-ընդգծել է Չեչելաշվիլին, հաղորդում է «Թրենդը»: