Հայաստանը 67-րդն է Սոցիալական առաջընթացի վարկանիշում

Հայաստանը 67-րդն է Սոցիալական առաջընթացի վարկանիշում

PanARMENIAN.Net - Միջազգային հետազոտական The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը հրապարակել է ամենամյա 2016-ի Սոցիալական առաջընթացի վարկանիշը (The Social Progress Index): Հայաստանը 67-րդն է վարկանիշում 160 երկրի թվում, որոնցից 27-ի վերաբերյալ, սակայն, տվյալներ չեն հավաքվել:

Վարկանիշը համալիր ցուցանիշ է, որը դիտարկում է երկրների նվաճումները հասարակական բարեկեցության և սոցիալակն առաջընթացի տեսակետից: Այն չի ներառում երկրների տնտեսական զարգացման ցուցանիշները, այլ նախատեսված է այս կամ այն երկրում հասարակական բարվոքության աստիճանը գնահատելու համար:

Հայաստանն ընդհանուր առմամբ հավաքել է 66.05 միավոր: Ընդ որում, մարդու հիմնական պահանջներով` 85,26, բարեկեցության հիմքերով` 69,26, հնարավորություններով` 43, 63 միավոր, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Մարդու հիմնական պահանջները» բաժնում մեր երկրի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78, անձնական անվտանգության աստիճան` 72,52:

«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում ցուցանիշները հետևյալն են` հիմնարար գիտելիքների հասանելիություն` 88,60, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիություն` 75,35, առողջապահության մատչելիություն` 51,16, բնապահպանական կայունություն` 61,91:

«Մարդու զարգացման հնարավորություններ» բաժնում Հայաստանն ունի հետևյալ ցուցանիշները. անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:

ԱՊՀ երկրների թվում Սոցիալական առաջընթացի ցուցանիշով Հայաստանից առաջ են Ուկրաինան (63-րդ տեղ) և Բելառուսը (66-րդ տեղ): Մոլդովան 73-րդն է, ՌԴ-ն` 75, Ղազախստանը` 76-րդն է, Ադրբեջանը` 77-ը:

Տարածաշրջանի երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Վրաստանը, որը 54-րդն է, և Թուրքիան, որը 58-րդ տեղում է: Իրանը 93-րդն է:

Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան 90,06 ցուցանիշով: Առաջին 5-ում են Կանադան (89,49), Դանիան (89,39), Ավստրալիան (89,13) և Շվեյցարիան (88,87):

Վարկանիշը եզրափակում են Չադը, Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Այս կամ այն երկրի վարկանիշը սոցիալական առաջընթացի տեսակետից հաշվարկելիս` հաշվի է առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք միավորվում են 3 անվանակարգում` «Մարդու հիմնական պահանջները», «Մարդու բարեկեցության հիմքերը», «Մարդու զարգացման հնարավորությունները»:

Վարկանիշը գնահատում է յուրաքանչյուր երկրի նվաճումները 0-100 սանդղակով (որքան շատ են միավորները, այնքան մեծ է կայունությունը) երեք վերոնշյալ անվանակարգերում ստացված տվյալների հիման վրա:

Վարկանիշը մշակվել է 2013-ին` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Փորթերի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---