Armenia ավիաընկերությունը հուլիսի կեսից կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Մինվոդի և Մոսկվա

Armenia ավիաընկերությունը հուլիսի կեսից կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Մինվոդի և Մոսկվա

PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել: Այդ մասին հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:

«Հուլիսի 14-ից մենք ձեռնամուխ ենք լինում Երևան-Մինվոդի-Երևան կանոնավոր ավիաչվերթների գործարկմանը` տոմսերն արդեն վաճառվում են»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նա նշել է, որ ավիատոմսերի միջին արժեքը երկու ուղղությամբ կկազմի մոտ 200 եվրո:

Ինչպես նշել է գլխավոր տնօրենի տեղակալը, շուտով ավիաընկերությունը կսկսի նաև այլ կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել, մասնավորապես, Մոսկվայի ուղղությամբ, որը նույնպես նախատեսվում է գործարկել հուլիսի կեսից:

«Մենք ունենք անհրաժեշտ ավիապարկը, ստացել ենք անհրաժեշտ ծածկագրերը, մնում է ստանալ արտերկրից թռիչքների իրականացման լիցենզիան, որից հետո մենք մի քանի օրվա ընթացքում կկարողանանք արդեն չվերթներ իրականացնել նոր ուղղություններով»,-ասել է Խաչատրյանը:

Ավիաընկերությունը նաև չարթերային թռիչքներ է իրականացնում դեպի Լառնակա, որն իրականացվում է ավիաընկերության ինքնաթիռներով հայկական զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ համաձայնագրի շրջանակում:

Ընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս), Թամազ Գաիաշվիլին (25 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24 տոկոս): Գաիաշվիլին վրացական Airzenaավիաընկերության Տնօրենների խորհրդի նախկին հիմնադիրն ու նախագահն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալն է:

Որպես գերակա ուղղություններ կլինեն թռիչքները Ռուսաստան (Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա), իսկ Եվրոպայի երկրներից` Գերմանիա և Իտալիա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---