10  13.07.16 - «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» բողոքի ակցիան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև

Ընտանեկան բռնության և դատական սխալների դեմ բողոքի ցույց՝ Երևանում

Ընտանեկան բռնության և դատական սխալների դեմ բողոքի ցույց՝ Երևանում

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև հուլիսի 13-ին բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ընտանեկան բռնության:

«Ո՞վ է հաջորդը», «Կացին դատավոր», «Իսկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Բռնությունը սեր չէ» և այլ գրառումներով մի խումբ քաղաքացիներ են հավաքվել:

Հուլիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Քրեական գործ է հարուցվել հուլիսի 8-ին Երևանում Կարինե Մանսուրյանի սպանության, վերջինիս ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Ակցիայի մասնակիցներն ուշադրություն են հրավիրել Երևանում կացնով սպանության դեպքին, որը, ըստ նրանց, կարելի էր կանխել, եթե դատավորը կամայական որոշում չկայացներ:

«Նելլի Բաղդասարյան անունով դատավորն իր կամայական որոշմամբ չի իրականացրել դատարանի՝ բռնարարին ազատազրկման որոշումը: Մենք այժմ բողոքում ենք դատական սխալների դեմ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել»,-ասել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը հունվարի 27-ին որոշել էր կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, դիտավորությամբ նրան ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չէր կիրառել ազատազրկումը:

Բաղդասարյանի մասնագիտական որակների մասին դեռևս արտահայտվել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստերի ընթացքում, երբ նա որոշում կայացրեց կալանավորել Գասպարիին:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ իրավաբանները դիմում են պատրաստում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և Արդարադատության նախարարին, որպեսզի նրանք դիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Նելլի Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու համար, գրում է Ա1+-ը:

Ակցիայի ժամանակ նաև մոմավառություն է տեղի ունեցել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---