Վարչապետը դժգոհ է «Հյուսիս-հարավը» կառուցող ընկերությունից. «Չարիք է դարձել»

Վարչապետը դժգոհ է «Հյուսիս-հարավը» կառուցող ընկերությունից. «Չարիք է դարձել»

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ի Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է դանդաղում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Աշտարակ- Թալին ճանապարհի շինարարությունը:

Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանել է, թե շինարարությունը ընթանում է ըստ գրաֆիկի և իրենք նման ահազանգ չեն ստացել, ինչին վարչապետն ասել է.

«Իմ ասածը ահազանգ չէ՞»: Ապա կարծիք հայտնել, որ խնդիրը ըստ երևույթին կապված է իսպանական ընկերության հետ, որը չարիք է դարձել. «Ես չեմ հասկանում, էդ ինչ ընկերություն է, չեք կարողանում տեսնեք ինչու է խնդիր առաջանում, չարիք է դառել այդ ընկերությունը, փողերն են տանում, ինչ են անում, ճշտեք»՝ հրահանգելով ուսումնասիրություններ կատարել, գրում է Aravot.am-ը:

2012-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---