Ռուսաստանն այլևս չի համակարգում նավթի արդյունահանումն ՕՊԵԿ-ի հետ

Ռուսաստանն այլևս չի համակարգում նավթի արդյունահանումն ՕՊԵԿ-ի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն այլև չի քննարկում շուկայում համակարգման հարցերը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ ապրիլին Քաթարում նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

«Այս թեման արծարծվել է միայն մեկ անգամ, երբ ՕՊԵԿ առանձին անդամներ առաջարկեցին կրճատել արդյունահանումն աշխարհում»,-ասել է Նովակը: ՌԴ-ն դեռ հանդիպումներ չի ունեցել կարտելի ղեկավարների հետ, սակայն բանակցությունների հավանականությունը 2016-ի ընթացքում պահպանվում է, ասել է նա:

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան միասին արդյունահանում են աշխարհի նավթի պաշարների 23 տոկոսը: Նովակը նշել է, որ սեպտեմբերին կարող է հանդիպել թագավորության էներգետիկայի նոր նախարար Հալեդ ալ Ֆալեհի հետ Ալժիրում: Քննարկվելու է գազավերամշակող գործարանների կառուցումը ՌԴ-ում, Էր Ռիադի ներդրումները, ռուսական և սաուդական ընկերությունների համատեղ մասնակցությունը երկրաբանական հետախուզմանը, նավթի արդյունահանմանն ու վերամշակմանը:

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազեցին Քաթարում նավթ արդյունահանող երկրների գագաթնաժողովում բանակցությունների անարդյունավետության պատճառով: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---