Զուրաբ Նողաիդելի. Կոսովոյի եւ Աբխազիայի խնդիրները կապված չեն իրար հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ոչ մի կապ չի տեսնում Կոսովոյի եւ Աբխազիայի խնդիրների լուծման ուղիների որոնման հետ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Անվտանգության Խորհրդի փակ նիստից հետո, որտեղ նա իր կառավարության մոտեցումներն է շարադրել վրաց-աբխազական հակամարտության լուծման վերաբերյալ:



«Մենք շարադրեցինք Խորհրդին մեր տեսակետը: Մեր գլխավոր սկզբունքն է հակամարտության խաղաղ լուծումը Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,-հայտարարել է Զուրաբ Նողաիդելին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Վրաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ծանոթ է Վրաստանի վերաբերյալ Անվտանգության Խորհրդի բանաձեւի նախագծին եւ իր երկրի պատվիրակությունը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ Անվտանգության Խորհրդի իր բարեկամների միջոցով:



Ապրիլի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը փակ պաշտոնական նիստ է անցկացրել Վրաստանի վերաբերյալ: Խորհրդի անդամները քննարկել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը Աբխազիայի վերաբերյալ: Նիստին մասնակցել են Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ժան Առնոն:



Նիստում հիմնական ուշադրությունը սեւեռված էր վրաց-աբխազական հակամարտության կողմերի Անվտանգության Խորհրդի 1716 բանաձեւի կատարմանը, որը կոչ է անում Աբխազիային վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, իսկ Թբիլիսիին` «ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Անվտանգության Խորհուրդը մտադիր է մոտ ժամանակներս նոր բանաձեւ ընդունել Աբխազիայի վերաբերյալ` ըստ ՄԱԿ-ի ղեկավարի հանձնարարականի երկարացնելու համար ՄԱԿ-ի առաքելության մանդատը Վրաստանում: Նրա ներկայիս իրավասությունները սպառվում են ապրիլի 15-ին, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---