Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերով քրգործ է հարուցվել

Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերով  քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:

Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ / Արմենիա հեռուստաընկերություն, Azatutyun.am, A1plus, 1in.am, Lragir.am, Panorama.am, Civilnet.am, News.am, Armlur.am / խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սարի թաղում ցույցի լուսաբանման ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Տուժել են նաև PAN Photo-ի ֆոտոլրագրողները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---