Ոստիկանությունն արգելել է երթեր կազմակերպել դեպի ՊՊԾ գունդ

Ոստիկանությունն արգելել է երթեր կազմակերպել դեպի ՊՊԾ գունդ

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկանական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի:

Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և Լևոն Բարսեղյանը: Երթը փաստացի ղեկավարող անձինք սկզբում հայտարարել են, որ ցանկանում են մտնել ՊՊԾ գնդի տարածք, իսկ հետագայում փորձել են ճեղքել անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշը:

Ոստիկանությունը նշում է, որ այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են արձակվել Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության զորքերի զինծառայող, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ:

Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները և լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ:


Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաև հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու և այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ:

«Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք», - ասված է հաղորդագրությունում:

«Իրավիճակից բխող անհրաժեշտ և հավաքի մասնակիցների վարքագծին համարժեք գործողությունների իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել թե՜ ոստիկաններ, թե՜ հավաքի մասնակիցներ, և թե՜ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»:

ՀՀ ոստիկանությունը կրկին փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում և դրան հարող տարածքում զինված խմբի հանցավոր գործողությունների և անօրինական հավաքների կազմակերպման հետևանքով պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետևանքներով լի իրավիճակներ: Ուստի, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև նոր հանցանքների կատարումը հնարավոր է կանխել միայն հավաքն այլ վայր տեղափոխելու միջոցով:

Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:


«Միաժամանակ զգուշացնում ենք, որ այս պահանջներին չենթարկվելու և նոր իրավախախտումներ կատարելու դեպքում կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի և համարժեք բոլոր միջոցները», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն «Սասնա ծռերին» մինչև ժամը 17:00-ն զենքը վայր դնելու ժամանակ է տվել:

Հուլիսի 17-ի՝ Էրեբունու գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---