Թուրքիան քննադատում է Գերմանիայի քաղաքականությունը ԵՄ նախագահի դերում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Եվրամիությունում Գերմանիայի նախագահության օրոք տարվող քաղաքականությունը, հայտարարելով, որ ավելին էր ակնկալում ԳԴՀ-ի «մեծ աջակցությունից» ԵՄ-ին անդամակցելու հարցում: «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում նա պահանջել է հստակ նախանշել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարները: «Մենք կցանկանայինք, որ նշվեր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կոնկրետ ժամկետը, ինչպես նաեւ առաջակվեր բանակցությունների հստակ ժամանակացույց»,-ասել է Էրդողանը: Սա, ըստ նրա, կհամոզեր երկրի բնակչությանը, որ Եվրամիությունը լուրջ է վերաբերվում այդ հարցին: Որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության իրատեսական ժամկետ Թուրքիայի վարչապետը նշել է 2014-2015 թվականները:



Ըստ Էրդողանի, «Եվրամիությունը պետք է ազնիվ վարվի. եթե նա չի ցանկանում տեսնել Թուրքիային իր շարքերում, ապա պետք է բացահայտ հայտարարի այդ մասին»: Կիպրոսի շուրջ վեճում Գերմանիան, ըստ Էրդողանի, բավարար կերպով չսատարեց Թուրքիային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը երկրի ներկայացուցիչներին Բեռլինում կայացած Հռոմի պայմանավորվածությունների 50-ամյակին նվիրված տոնակատարություններին չհրավիրելու մասին, որոնք սկիզբ դրեցին Եվրոպական Միությանը, թուրք վարչապետը «մեծ սխալ է» անվանել:



Նշենք, որ կանցլեր Մերկելն առաջարկում է Թուրքիային ԵՄ-ի հետ «արտոնյալ գործընկերություն» անդամակցության փոխարեն: Ի տարբերություն նրան, ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Բանակցությունները Թուրքիայի հետ նպատակ ունեն երկրի անդամակցումը Եվրամիությանը, ասել է նա Hannoversche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում: Հակառակ դեպքում, ըստ Շտայնմայերի, Եվրոպան կնպաստի այն ուժերին, որոնք հակազդում են Թուրքիայի վերածմանը ժամանակակից ժողովրդավարական պետության:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---