ԱՄՆ-ն արգելել է սիրիական մշակութային ժառանգության օբյեկտների ներկրումը

ԱՄՆ-ն արգելել է սիրիական մշակութային ժառանգության օբյեկտների ներկրումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 17-ից սահմանափակումներ են ներմուծում Սիրիայից մշակութային ժառանգության օբյեկտների ներկրման համար: Այդ մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը:

Ինչպես պարզաբանել են Պետդեպում, ԱՄՆ վարչակազմի այս գործողությունները կոչված են նպաստելու արդեն 5-րդ տարին քաղաքացիական պատերազմի պայմաններում գտնվող Սիրիայի մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև հանցավոր ու ծայրահեղական տարրերի մասնակցությամբ հնությունների հետ կապված ապօրինի գործարքների կասեցմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արգելքը տարածվում է «մշակութային ժառանգության ցանկացած օբյեկտի վրա, որն ապօրինաբար դուրս է բերվել Սիրիայից 2011-ի մարտի 15-ից հետո»: Խոսքը, մասնավորապես, «քարից, մետաղից, խեցեգործ, կավից, փայտից, ապակուց, փղոսկրից, գործվածքից, թղթից, կաշվից պատրաստված իրերի մասին է, պարզաբանել են Պետդեպում:

Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Հալիլը մայիսին հայտարարել է, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին արտահանել Սիրիայի պատմական արժեքները թուրք-սիրիական սահմանով:

2015-ի օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր Պալմիրայի գլխավոր սրբավայրերից մեկը:Ավելի ուշ պայթեցվեց նաև Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթական կամարը:Պալմիրայից բացի բազում հուշարձաններ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են:

Սիրիական ժառանգությանն ամենամեծ վնասներից մեկը պատմաբանները համարում են 715-ին կառուցված և 2013-ի ապրիլին ամբողջությամբ գետնին հավասարեցված Հալեպի Մեծ մզկիթը: Ալեքսանդր Մեծից մինչև հռոմեական, մոնղոլական և օսմանյան իշխանությունները հասած Հալեպի միջնաբերդի որոշ հատվածներ օգտագործվում էին որպես ռազմաբազա. ոչնչացվել են 2012-ի օգոստոսին:

2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---