24 ապրիլի 2007 - 23:37 AMT
Թուրք իրավապաշտպանները կոչ են անում ներողություն խնդրել հայ ժողովրդից
«Բոլոր նրանք, ովքեր գիտեն 1915-ին հայերի ոչնչացման ու վերապրածի մասին, բայց լռում են, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում իրերը կոչել իրենց անունններով` պետք է տեղյակ լինեն` մենք բոլորս հազարավոր ներողություններ ենք պարտք հայ ժողովրդին»,- նշված է ապրիլի 24-ի առավոտյան թուրքական 3`«Էվրենսել», «Բիրգյուն» եւ «Գյունդեմ» թերթերում տպագրված հաղորդագրության մեջ, որը տարածել է Թուրքիայի մարդու իրավունքներրի պաշտպանության գրասենյակը: Գրասենյակի 5 ակտիվ անդամները ստորագրել են փաստաթղթի տակ, որոնցից մեկը` Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի գրասենյակի ղեկավար Հյուրիեթ Շեները գտնում է, որ 21-րդ դարի Թուրքիայում եւս ականատեսն ենք լինում մարդու իրավունքների եւ քաղաքական սպանությունների դեպքերի աղաղակող փաստերի, ինչպես օրինակ իտալացի հոգեւորականի, Հրանտ Դինքի սպանությունները կամ Մալաթիայում տեղի ունեցած վերջին դեպքերը:

«Թուրքիայում բոլոր նրանք ովքեր չեն ցանկանում 1915թ-ին տեղի ունեցած իրադարձությունները կոչել իրենց անուններով պետք է իմանան, որ բազում «ներողություններ» են պարտք հայ ժողովրդին: Ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ,-նշել է Հյուրիեթ Շեները, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: