ԵՊՀ և օտարերկրյա բուհերի հայ ուսանողների իրավունքները բանակից տարկետման հարցում կհավասարեցվեն

ԵՊՀ և օտարերկրյա բուհերի հայ ուսանողների իրավունքները բանակից տարկետման հարցում կհավասարեցվեն

PanARMENIAN.Net - 2017-ին ԵՊՀ և օտարերկրյա բուհեր ընդունված հայ ուսանողների իրավունքները զինծառայությունից տարկետում ստանալու հարցում կհավասարեցվեն: Նման խոստում է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրների, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրների հետ հանդիպմանը:

«Կամ ԵՊՀ ուսանողները նույնպես բանակից տարկետում չեն ստանա, կամ օտարերկրյա բուհեր ընդունված հայ ուսանողները ևս կօգտեն այդ արտոնությունից: Կցանկանայի նշել, որ ծառայությունը բանակում խոչընդոտ չէ գիտելիքներ ստանալու համար»,-ասել է նախագահ Սարգսյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նախագահը նշել է, որ ինքը ևս ԵՊՀ-ում ուսանելիս 2 տարի ծառայել է խորհրդային բանակում: «Բանակից վերադառնալով ես նույնիսկ ավելի լավ սկսեցի սովորել: Ուզում եմ ասել, որ շատ հայտնի գիտնականներ տևական ընդհատումներ են ունեցել գիտական գործունեության ընթացքում, օրինակ, Էյնշտեյնը»,-ասել է Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հյուրընկալել էր 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---