Բելգիացի սենատր. Մենք շարունակում ենք պայքարը Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ

PanARMENIAN.Net - Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 25-ին մասնակցեց Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկոյին: Միջոցառմանը ներկա էին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բելգիայում, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններ, Եվրոպայում հայկական եւ հրեական համայնքային կազմակերպություններ, երաժիշտներ, լրագրողներ` ընդհանուր մոտ 700 հրավիրյալ:



Բացման ելույթով հանդես եկավ Բելգիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոյլանս դու Վիվիեն: Սենատորը, ով 1987 թվականին Եվրոպական խորհրդարանի եւ 1998թ. Բելգիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնողներից է, նշեց, որ 1915 Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածների բնորոշումը ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից 1948թ. ընդունած ցեղասպանության պատժման վերաբերյալ կոնվենցիային: Նա նաեւ ընդգծեց, որ իրադարձություններից 92 տարի հետո դեռեւս կան մարդիկ, ավելի վատ, կա կառավարություն եւ նույնիսկ պետություն, որը հրաժարվում է ցեղասպանությունը ճանաչելուց: Սենատոր Ռոյլանսը հավաստիացրեց, որ ինքն ու իր համախոհները պայքարելու են նրանց դեմ, ովքեր ցեղասպանությունը ժխտելով սպառնում են Բելգիայի հասարակական կարգին: «Մենք պարտավոր ենք դա անել ի հիշատակ 1.5 միլիոն հայերի եւ հանուն այն խիզախ վերապրողների, ովքեր Բելգիան ընտրել են որպես իրենց նոր հայրենիք` հարստացնելով եւ ոգեշնչելով մեր երկիրը», - ասաց սենատոր Ռոյլանսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---