Ստեփանակերտում բացվել է ՀՀ դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է ՀՀ դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը:

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին և մետաղադրամներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին:

Պատմական իրողություններին զուգահեռ, ամբողջ միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվել են ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցներին տրամադրվել են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև ԼՂՀ աշակերտների և բնակիչների համար:Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով սովորում են, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից և պաշտպանել սեփական շահերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---