ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային դաշտ՝ UWC Dilijan-ում

ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային դաշտ՝ UWC Dilijan-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի է ունեցել ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ և համապատասխանում է FIFA-ի չափանիշներին:

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր:

«Դոնորների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու և Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- բացմանն ասել է UWC Dilijan քոլեջի տնօրենԴենիզ Դևիդսոնը:

«Մեր քոլեջի սաների և քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- իր հերթին ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Դաշտի հարևանությամբ հուշատախտակ է բացվել, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին:

Բացման արարողությանը հետևել է ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի և Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջև:

UWC Dilijan քոլեջը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում UWC համակարգի առաջին գիշերօթիկ դպրոցն է: Այն բացվել է 2014թ. սեպտեմբերին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այսօր Քոլեջում ուսանում է 72 երկրից եկած 198 երեխա:

Կրթական նախագծի գաղափարախոսներն ու նախաձեռնողները գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են: Միջազգային դպրոցը կառուցվել է ավելի քան 200 բարերարի միջոցներով: UWC Dilijan քոլեջի բարերարներից ու հիմնադիր-գործըներներից է Գագիկ Ադիբեկյանը, ով RD Group-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---