Ազգային արխիվը կցուցադրի ՀՀ նախագահների անձնագրերն ու ստորագրած առաջին որոշումները

Ազգային արխիվը կցուցադրի ՀՀ նախագահների անձնագրերն ու ստորագրած առաջին որոշումները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ՀՀ ազգային արխիվում բացվում է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25 ամյակին: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցուցահանդեսում կներկայացվեն բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր փաստաթղթեր:

«Ցուցադրելու ենք մեր 3 նախագահի ՀՀ 1-ին անձնագրերը, դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած 1-ին համաձայնագրերը, վարչապետերի ստորագրած 1-ին որոշումները և այսպիսի հետաքրքիր այլ փաստաթղթեր»,- տեղեկացրել է Վիրաբյանը:

Նա նշել է, որ 21-րդ դարն աչքի է ընկնում տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ և հետևաբար դրանք ազդում են նաև արխիվի աշխատանքի վրա, սակայն Ազգային արխիվում ունեցած փաստաթղթերից, ժապավեններից, կամ լուսանկարներից չեն հրաժարվելու, դրանք էլ են պահպանվելու:

«Այդ ամբողջը մենք թվայնացնելու խնդիր ունենք այսօր: Թվայնացումն ինքնանպատակ չի, երկու խնդիր է լուծում: Առաջին` պահպանման խնդիրը, որ մենք թղթե փաստաթղթերին կամ ժապավեններին այլևս ձեռք չենք տա, նրանք կոնսերվացված կմնան, իսկ մենք կօգտագործենք թվայնացված տարբերակները և, ամենակարևորը, 2-րդ խնդիրը` տեղեկություններ կարող ենք որոնել ու գտնել րոպենների, որոշ տեղեկություններ նույնիսկ վայրկյանների ընթացքում»,- ասել է Վիրաբյանը, մեջբերում է «Երկիրը»:

Թվայնացման փորձերը սկսվել են 2004 թվականից, իսկ արդեն բուռն թվայնացումը՝ 2010 թվականից, երբ ձեռք են բերել արդիական նոր սարքավորումներ: «Սարքավորումները բավականին թանկ են, մեր բոլոր սարքավորումները թվայնացնող գնված են ոչ բյուջեի հաշվին, ոչ էլ արխիվի: Դրանք Ազգային արխիվին նվիրել են մարդիկ, որոնք գիտակցել են արխիվային պահպանման կարևորությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ տարեկան թվայնացվում է մոտ 200.000 թերթ փաստաթուղթ, և արդեն մոտ 1 մլն փաստաթուղթ է թվայնացվել:

«Նախ մենք թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք կարևոր են և պահանջարկ ունեն, հետո նոր մնացածը: Պահանջված փաստաթղթերն են 1-ին Հանրապետության պատմության հետ կապված փաստաթղթերը և Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց պահանջարկը երբևէ չի նվազում»,- նկատել է Վիրաբյանը՝ անդրադառնալով նաև ֆիլմերի թվայնացմանը:

«Կինոննկարների թվայնացումը ևս շատ կարևոր է: Մենք այս տարի ավարտելու ենք վավերագրական ֆիլմերի` 35մմ լայնությամբ ժապավենների թվայնացումը: Գեղարվեստական ֆիլմերը չենք թվայնացրել: Հայֆիլմի ստեղծած ֆիլմերի թվայնացման հետ մենք գործ չենք ունեցել, բայց հետագայում կթվայնացնենք»,-ասել է նա՝ սխալ համարելով սև և սպիտակ ֆիլմերի գունավոր թվայնացնելու փաստը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---