Սենատոր Ջեկ Ռիդ. Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները միացան ողջ աշխարհի հայությանը, որը նշում էր Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ամերիկացի օրենսդիրները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջ տալու համար ԱՄՆ մասնակցությանը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտման արշավին:



Սենատոր Բարբարա Բոքսերի խոսքերով, հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության չի կարելի սատարել պատմական փաստերի ժխտման փորձերին: «Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը հանուն ժողովրդավարության, արդարության եւ մարդու իրավունքների: Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը հանուն նրանց, ով ողջ է մնացել: Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը, քանի որ դա ճիշտ արարք է: Մենք պետք է ճանաչենք այն, քանի որ դա քայլ է դեպի առավել մարդասիրական աշխարհի կայացում»,-ընդգծել է նա:



Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Դայան Ֆեյնսթեյն. «Կալիֆորնիան Ցեղասպանությունից փրկվածների հայրենիքն է: Ամերիկահայ համայնքի հետ բազմամյա սերտ համագործակցության շնոհիվ, ես գիտեմ թե որքան ցավագին է պատմության այդ էջը շատ ամերիկահայերի համար: Եկեք խուսափենք սխալից: Դարֆուրի ցեղասպանությունը սկիզբ է առնում համաշխարհային հանրության լռակյաց մոտեցումից նման տիպի հանցագործությունների հանդեպ, ներառյալ Հայոց ցեղասպանությունը:



«Այսօր ես սատարում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւին եւ կոչ եմ անում նախագահին վերանայել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այդ հարցի վերաբերյալ»,-նշել է սենատոր Ջեկ Ռիդը` հիշեցնելով Մարտին Լյուտեր Քինգի խոսքերը. «Անարդարությունը մի հարցում սպառնում է համընդհանուր անարդարությամբ»: «Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք երբեք չենք մոռանա»,-ընդգծել է Ջեկ Ռիդը, վերջին արտահայտությունն ասելով հայերեն:



Սենատորների ելույթներին հավանություն են տվել ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, կոնգրեսական Ադամ Շիֆը` 106-րդ բանաձեւի հեղինակը, կոնգրեսականներ Ջոզեֆ Քրոուլին, Էդվարդ Մասկին եւ մյուսները:



ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին սատարում են Ներկայացուցիչների պալատի 191 եւ ԱՄՆ Սենատի 38 անդամներ: Բանաձեւի ընդունման համար պահանջվում է Պալատի 218 եւ Սենատի 51 անդամների աջակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---