Հայ-թուրքական հանձնաժողովը իմաստ չունի, քանի որ Ցեղասպանությունը որպես փաստ ճանաչվել է պատմաբանների կողմից

PanARMENIAN.Net - Նյու Յորքի հայկական համայնքը նշել է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Միջոցառմանը հարգանքի տուրք է մատուցվել Վիրջինիայի Տեխնոլոգիական համալսարանում սպանված 32 հոգու հիշատակին: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի Թուրքիան առաջարկել էր պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժով ստեղծել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: «Նման հանձնաժողովի ստեղծումը ոչ մի իմաստ չունի, քանի որ Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ընդունված է պատմաբանների կողմից եւ անհեթեթ է, որ այդ հարցը մինչ այժմ տաբուի տակ է Թուրքիայում եւ նույնիսկ նրա հիշատակումը քրեականորեն պատժելի է, ինչպես նաեւ «ազգին վիրավորելու համար» մեղադրանքը: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նշել է նաեւ թուրքական պատվիրակության ճնշման տակ ՄԱԿ-ում Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի փակման փաստը: Միջոցառմանը ելույթ է ունեցել Հրանտ Մարգարյանը, որը պատմել է Հրանտ Դինքի մասին: Ցուցադրվել է նաեւ սպանված լրագրողի հարցազրույցը Կառլա Կարապետյանի «Screemers» ֆիլմից:



Իր հերթին, ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը նշել է, որ ներկայումս 106-րդ բանաձեւին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ աջակցում են Ներկայացուցիչների պալատի 190 եւ Սենատի 30 անդամներ: «Դա ամերիկահայերի գործունեության արդյունքն է, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին նվիրվածության, նրանց նախնիների դեմ կատարված հանցագործության մասին հիշողության արդյունքն է»,-նշել է Խաչիկյանը:



ANCA-ի նախագահը ընդգծել է նաեւ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության շրջափակումը մեծ հաղթանակ է: «Հոգլանդը պետք է փոխարիներ Երեւանում Ջոն Էվանսին, որին ետ կանչեցին Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Ինքը Ռ.Հոգլանդը ժխտում է այդ փաստը եւ, շնորհիվ սենատոր Մենենդեսի վետոյի, նրա թեկնածությունը չի հաստատվում»,-ընդգծել է Խաչիկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---