Քարաշամբում Ք.ա. 19-18-րդ դարերի ջնարակապատ գավեր և թռչունի արձանիկներ են պեղվել

Քարաշամբում Ք.ա. 19-18-րդ դարերի ջնարակապատ գավեր և թռչունի արձանիկներ են պեղվել

PanARMENIAN.Net - Քարաշամբի հնավայրում 2016 թվականի պեղաշրջանը սկսվել է օգոստոսի 1-ից: Այստեղ 2009 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը: Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի նկար է ներկայացրել վերջին տարիների պեղումներից՝ նշելով, որ դամբարանները և գտածոները, ինչպես Քարաշամբի գավաթը, նշանավորում են այսպես կոչված «թռեղք-վանաձորյան» հնագիտական մշակույթը:

Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները սկսվել են 1987 թվականին, և դրանց արդյունքում բացվել է արդեն իսկ 700-800 դամբարան, որոնցում հայտնաբերվել են թանկարժեք մետաղից ու բրոնզից զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշեր, սպասք, խեցեղեն առարկաներ։ Բացառիկ է նաև այնտեղից պեղված արծաթե դրվագազարդ գավաթը, որի վրա քանդակված պատկերները տեղեկատվություն են տալիս միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին:Այստեղ կատարված պեղումները հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում թաղման ծեսի, այլև ընդհանրապես մի ամբողջ քաղաքակրթության ապրելակերպի մասին:

«Այս մշակույթի վաղագույն համալիրները թվագրվում են մ.թ.ա 23-րդ դարով (Քարաշամբի մեծ դամբանաբլուր), ավարտական փուլի համալիրները՝ մ.թ.ա. 17-16 -րդ դարերով: Մշակույթի «ծաղկման շրջանի» (մ.թ.ա. 23-18-րդ դդ.) թաղման կառույցներն երկայնական առանցքով ուղղված են արևելքից արևմուտք: Որպես կանոն արևելյան պատի տակ անպայման բացվում են զոհաբերված խոշոր եղջերավորների զույգ գանգերի, վերջույթների ոսկորները: Դամբարանների հատակները ծածկվում էին խսիրով»,- գրել է Պավել Ավետիսյանը:

Նա նշել է, որ նկարներով ներկայացված դամբարաններում խսրապատ հատակները պատվել են նաև հարյուրների հասնող ջնարակապատ և բրոնզե կոճակներով: Քարաշամբի վերջին պեղումներից հայտնաբերված գունազարդ ծորակավոր անոթը, ջնարակապատ գավերը և թռչունի արձանիկները առաջին անգամ են փաստագրվում թռեղք-վանաձորյան համալիրներում: Ներկայացրած դամբարանները և հինարևելյան դեկորատիվ –կիրառական արվեստի այս բացառիկ նմուշները վերագրելի են ԹՎ մշակույթի երկրորդ փուլին՝ մ.թ.ա. 19-18 րդ դարեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---