ԻՊ-ն թուրքական 2 տանկ է խոցել Սիրիայում

ԻՊ-ն թուրքական 2 տանկ է խոցել Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 14-րդ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային հրթիռներով խոցել են թուրքական տանկեր:

Թուրքիայի ԶՈՒ կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի Վուքուֆ շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ԻՊ զինյալներին հաջողվել է խոցել 2 թուրքական տանկ, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել:

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, Սիրիայի Ջերաբլուսի շրջանի արևմտյան հատվածում թուրքական տանկ է խոցվել: Հարձակման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր:

Հղում անելով ԶՈՒ վերոնշյալ հայտարարությանը, նշում է, որ «Եփրատի վահան» գործողության առաջին օրվանից մինչ օրս, թուրքական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 443 թիրախ՝ արձակելով 1924 կրակոց, թուրքական NTV հեռուստաալիքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սիրիայում իրականացվող օպերացիայի շրջանակներում ԻՊ-ի դեմ մարտերում Թուրքիայի աջակցությամբ «Սիրիայի ազատ բանակ» (սիրիական ընդդիմադիր ուժեր) առաջխաղացումը շարունակվում է:

Սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչների դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---