Մարաշում վնասազերծված «Հայոց Վահան» խմբին զենք վաճառածները դատապարտվեցին ազատազրկման

Մարաշում վնասազերծված «Հայոց Վահան» խմբին զենք վաճառածները դատապարտվեցին ազատազրկման

PanARMENIAN.Net - Նորք-Մարաշում «Հայոց Վահան» խմբի մոտ հայտնաբերված զենքի վերաբերյալ առաջին գործով սեպտեմբերի 8-ին մեղադրական դատավճիռ է հրապարակվել:

Ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանը և Անուշավան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեցին ազատազրկման՝ համապատասխանաբար 3.5 և 3 տարի ժամկետով:Իսկ ամբաստանյալներ Ստեփան Չիլինգարյանը և Հարություն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեցին 1.5 տարվա ազատազրկման:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, գրում է Pastinfo.am-ը:

Առգրավված զենքը, պայթուցիկ նյութերը և ռազմամթերքը կթողնվի ԱԱԾ տնօրինմանը:

Ըստ մեղադրանքի, Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հ. Հակոբյանը չի իմացել, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ:

Անուշավան Ավետիսյանն, ըստ մեղադրանքի, Հ.Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Ըստ Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 դոլարով իրացրել է:

Իսկ ըստ Ստեփան Չիլինգարյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 դոլարով իրացրել է:

Հակոբ Հակոբյանին ու Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Իսկ Հարություն Հովհաննիսյանին ու Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Գործի քննությունը ամբաստանյալների միջնորդությամբ անց է կացվել արագացված կարգով. բոլոր 4 ամբաստանյալն ընդունել են առաջադչված մեղադրանքը:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում առանձնատներից մեկում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---