«Տերտերյանի ժամանակը». Հայրիվանքում կներկայացվեն կոմպոզիտորի ստեղծագործությունները

«Տերտերյանի ժամանակը». Հայրիվանքում կներկայացվեն կոմպոզիտորի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի «Մշակույթ և ապագա» հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ներկայացնում է «Տերտերյանի ժամանակը» ամենամյա փառատոնի 2016թ. «Ա.Տերտերյանի կյանքն ու ստեղծագործությունը» երաժշտաթատերական ներկայացումը:

Փառատոնն անց է կացվում Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում: Փառատոնի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ: Մեծանուն կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյանը իր համար ընտրել էր ճգնավորի կյանքը: Հենց այստեղ՝ Սևանի ափին գտնվող այդ գյուղում է ստեղծագործել Տերտերյանը իր կյանքի վերջին տարիներին:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, որը նմանատիպ ձևաչափով իրականացվեց առաջին անգամ 2015թ.՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ: Արվեստների փառատոնը տեղի ունեցավ 2015թ. հուլիսի 29-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը: Այն նախաձեռնվել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար և «Մշակույթ և ապագա» հիմնադրամի նախագահ Կարեն Մկրտչյանի կողմից, Հայաստանի և Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը կոչված է համախմբելու ժամանակակից ստեղծագործողներին` աշխարհի տարբեր վայրերից:

2016թ. ծրագիրը նախատեսում է ներկայացնել Ավետ Տերտերյանի կյանքի և ստեղծագործական ուղին:

Ներկայացման ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները լարային քառյակի, երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Կհնչեն հատվածներ Տերտերյանի սիմֆոնիաներից, «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքից:

Մնջախաղացները կներկայացնեն նրա սիրո պատմությունը և Բոսխ - Բրեյգելյան տեսարանները պարային էտյուդների միջոցով: Կհնչի նաև հայկական պոեզիա: Ներկայացումը կընթատվի վիդեոշարքով Տերտերյանի և Իրինա Տիգրանովային մասնակցությամբ:

Փառատոնի ժամանակացույց՝

Սեպտեմբերի 17-ին՝ժամը 16:00 - «Ավետ Տերտերյանի տունը» Ռ.Քոչարի Ֆիլմի ցուցադրում, Ա.Թամանյանի թանգարան-ինստիտուտ, ներածական խոսք՝ արվ.թ. Նարինե Ավետիսյան:

Սեպտեմբերի 18-ի 15:30-ին Երևանի պետական կոնսերվատորիայի կենտրոնական մուտքի մոտից ավտոբուսները բոլոր ցանկացողներին անվճար կտեղափոխեն Հայրիվանք: 17:00՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Հայրիվանք եկեղեցի – աղոթք, 17:30՝ գրքի շնորհանդես, 18:00՝ «Ա.Տերտերյանի կյանքն ու ստեղծագործությունը» երաժշտաթատերական ներկայացման սկիզբ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում՝ Ավետ Տերտերյանի ստեղծագործական տուն: 19:30՝ Վերադարձ:

Հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանն օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։

Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի, սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---