2 պրեմիերա՝ Օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանում

2 պրեմիերա՝ Օպերային թատրոնի 83-րդ թատերաշրջանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին՝ ժամը՝ 18:00-ին, տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանի հանդիսավոր բացումը:

Թատրոնի նախասրահում նախատեսված են մի շարք միջոցառումներ հանդիսականների համար. մշտական խաղացանկի բոլոր ներկայացումների դերակատարները կդիմավորեն այցելուներին, նախատեսված է նաև ցուցադրություն, ինչպես նաև այլ անակնկալներ:

Ընթացիկ թատերաշրջանում մինչև 2017 նախատեսված են Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայի և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերաները:

Ավանդույթի համաձայն թատերաշրջանի առաջին ներկայացումը կլինի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Գլխավոր դերերում հանդես կգան Անահիտ Մխիթարյանը (ՀՀ վաստ. արտիստ), Պերճ Քարազյանը (ՀՀ վաստ. արտիստ), Գևորգ Հակոբյանը (ՀՀ վաստ. արտիստ):

Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Երեք պրեմիերա» խորագրով համերգային հանդիսավոր երեկոն:

Հոկտեմբերին նախատեսված է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ համերգային երեկո՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանի հրաժեշտի երեկոն մեծ բեմին տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին նախատեսված են Ա. Սպենդիարյանի, Տ. Սազանդարյանի, Պ. Լիսիցյանի, Մ. Մարտիրոսյանի և Մ. Երկաթի հոբելյաական երեկոները:

Նոր թատերաշրջանի ընթացքում ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվեն նաև ճանաչողական շրջայցեր հանրապետության դպրոցականների համար:

Օպերային թատրոնի վարագույրը բարձրացավ 1933 թվականի հունվարի 20-ին:Իր գոյության տասնամյակներին թատրոնը բեմ է բարձրացրել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային ժամանակակից և դասական խաղացանկի տասնյակ ու տասնյակ ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը նույնիսկ երեքից չորս և ավելի բեմադրությամբ: Թատրոնի զարդն են եղել ու են «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Բ» օպերաները, «Գայանե», «Սպարտակ» բալետները, Վերդիի, Չայկովսկու Ռոսինիի, Բիզեի, Դոնիցետիի, Բելինիի, Ստրավինսկու և այլ մեծերի գործերը:

Թատրոնի ազդագրերում տեղ են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ հրավիրյալ ականավոր ռեժիսորների, բալետմայստերների, նկարիչների աշխատանքներ: Թատերախմբի հետ աշխատել են նաև համաշխարհային հռչակ վայելող դիրիժորներ, վոկալ և պարային արվեստների աստղեր, որոնք հյուընկալվել են Երևանում: Թատրոնի հյուրախաղերին ծափահարել են Մոսկվան, Ս.Պետերբուրգը, Փարիզը, Բեռլինը, Լոս Անջելոսը, աշխարհի այլ երկրների դահլիճները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---