8 մայիսի 2007 - 15:52 AMT
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Հաղթանակի օրվա կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ղեկավարներին Հաղթանակի օրվա առիթով: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում նշվում է, որ մայիսի 9-ը ընդմիշտ կմնա պատմության մեջ որպես նացիզմի դեմ պայքարում ընկածների հիշատակի օր, որպես ժողովրդների աննախադեպ հերոսության խորհրդանիշ, որոնք ուս ուսի տված պայքարում էին եւ անձնուրաց աշխատում թիկունքում հանուն Մեծ հաղթանակի: «Այս նշանավոր, մեր բոլորիս ընդհանուր տոնը հարգանքի տուրք է վետերաններին, որոնք իրենց հերոսությամբ Հայրենական Մեծ պատերազմում կարողացան ազատություն բերել Եվրոպային եւ խաղաղություն աշխարհին: Մեր սրտերում միշտ վառ կմնա պատերազմի մասնակիցների եւ թիկունքի աշխատավորների սխրանքի մասին հիշողությունը, սխրանքի, որ կատարվեց ծանր ռազմական տարիներին հանուն ապագա սերունդների ազատության ու երջանկության»,-ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

ՌԴ նախագահը համոզված է, որ եղբայրական բարեկամությունը, որ անցել է Հայրենական Մեծ պատերազմի ծանր փորձությունների միջով, ամուր հիմք է այդ երկրների հետագա առաջընթացի համար` դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության բազմակողմանի զարգացման ճանապարհով:

Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձը ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինին, Թուրքմենիայի նախագահ Ղուրբանկուլի Բերդիմուհամեդովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովին, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովին եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: