Ընդդիմադիր կուսակցությունները ՀՀ իշխանություններին մեղադրել են «ընտրակեղծիքների բոլոր միջոցների» օգտագործման համար

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իշխանական կուսակցություններին մեղադրել են խորհրդարանական ընտրություններում «ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակների» օգտագործման համար: «Քվեարկության ամբողջ ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկությունների տեղատարափ էր հանրապետության ողջ տարածքից, ոչ միայն վստահված անձերի ու դիտորդների հաղորդած օպերատիվ տեղեկատվությամբ, այլ նաեւ զանազան ռադիո եւ հեռուստալիքներով: Ամբողջ ծավալով աշխատեցվել են ընտրակեղծիքների հայտնի բոլոր միջոցներն ու եղանակները` լցոնումներ, ընտրակաշառքների բաժանում եւ այլն` իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», ՄԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:



«Իմպիչմենտը», «Նոր ժամանակները» եւ «Հանրապետությունը» հայտարարել են, որ «Երեւանի եւ մյուս բնակավայրերի համարյա ողջ հասարակական տրանսպորտը դուրս է բերվել երթուղիներից եւ օգտագործվել ընտրողներ բերելու, ինչպես նաեւ ուրիշների փոխարեն քվեարկող շրջիկ խմբերը տարբեր ընտրատարածքներ տեղափոխելու համար»:



«Շատ ընտրատարածքներում եղել են թեկնածուների վստահված անձանց, լրագրողների նկատմամբ սպառնալիքների, բռնությունների, ծեծկռտուքի դեպքեր, ընդ որում, այսօրինակ դեպքերը հաճախ եղել են հենց իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը ներկայացնող անձանց եւ խմբերի միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ:



«Կարելի է չկասկածել, որ առաջիկա ժամերին կարվեն նաեւ արդյունքների ամփոփման փուլի հետ կապված կեղծիքների եւ ապօրինությունների եզրափակիչ քայլերը: Սակայն առանց դրա էլ, արդեն իսկ անսակարկելի է, որ այս ամենը էական ազդեցությյուն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա», - ասվում է «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---