Հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը հրաձիգների մրցաշարով է մեկնարկել

Հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը հրաձիգների մրցաշարով է մեկնարկել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին հրաձգության մրցաշարով մեկնարկել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։

Երևանում՝ ԴՕՍԱՖ-ի հրաձգության հանրապետական ակումբում, հոկտեմբերի 2-ին անցկացվեցին հրաձգության թիմային-անհատական մրցումները: Դրանք հանրապետական ուսանողական խաղերի ծրագրով կազմակերպվում են 2014-ից:

Ստուգատեսին մասնակցելու նախնական հայտ էին ներկայացրել 12 ԲՈւՀ, սակայն բուն մրցման օրը ներկայացան միայն 9 ԲՈւՀ-ի պատվիրակ, ինչը 3 մասնակցով ավելի է նախորդ մրցաշարի համեմատ:

Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 3 մարզիկ՝ 2 հրաձիգ ու մեկ հրաձգուհի:

Ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացմամբ՝ 5,6 մմ տրամաչափի «Մարգուլին» տեսակի ատրճանակի մրցումներին մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի, Հայկական բժշկական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) 18 հրաձիգ և 9 հրաձգուհի:

Նշանառուները մրցում էին 3 փորձնական և 5 մրցակցային կրակահերթերում: Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց Տելեմակ Թադևոսյան, Հայկ Հունանյան և Էմմա Միքայելյան կազմով ելույթ ունեցած՝ ԵՊՀ ընտրանին: 2-րդ տեղը գրավեց Էդմոն Ռամազյան, Հրաչիկ Օհանյան, Քնարիկ Բաբայան կազմով հանդես եկած՝ ՀԱԱՀ թիմը, իսկ մրցանակային 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ավետիս Ղազարյան, Վարդան Վարդանյան և Մոնիկա Գևորգյան կազմով ելույթ ունեցած՝ ԵՊԲՀ հավաքականը:

Աղջիկների անհատական մրցումներում՝ 50 հնարավորից վաստակած 33 միավորով խաղերի չեմպիոնիկոչման արժանացավ ԵՊԲՀ ուսանողուհի Մոնիկա Գևորգյանը: Արծաթե մեդալը բաժին հասավ ԵՊՀ-ի նշանառու Էմմա Միքայելյանին, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակեց ՀԱԱՀ-ի հրաձգուհի Քնարիկ Բաբայանը:

Տղաների մրցապայքարում 40 միավորով խաղերի չեմպիոն հռչակվեց ԵՊՀ-ն ներկայացնող նշանառու Հայկ Հունանյանը: Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակ Սուրեն Բերյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ մանկավարժական համալսարանի ուսանող-հրաձիգ Հովհաննես Գուսիկյանն էլ նվաճեց բրոնզե մեդալը:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր հրաձգության հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթներով: Պարգևները հանձնեցին Հովհաննես Գաբրիելյանը, Գագիկ Զոհրաբյանը և հանրապետական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը:

ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---