Հայաստանի ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչները նստացույց են հայտարարել

PanARMENIAN.Net - «Իմպիչմենտ» ծայրահեղ ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին նստացույց է հայտարարել Երեւանի Ազատության հրապարակում: Փաշինյանը բողոքում է «ընտրությունների կեղծման եւ երկրում ստեղծված իրավիճակի դեմ»: Նրա խոսքերով նստացույց-գործադուլը «դա հուսահատ քայլ չէ, այլ քայլ է ուղղված հուսահատության դեմ, որը ստիպել է կառավարելու իրավունք ունեցող մարդուն, քաղաքացուն, զիջել իր իրավունքը մի քանի հանցագործների»: «Սա նաեւ հույսի ակցիա է եւ ապացուցում է, որ մենք չենք հաշտվի ստեղծված իրավիճակի հետ եւ կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաներին այնպիսի երկիր ժառանգենք, որի մասին երազում ենք»,-նշել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ գործադուլ է հայտարարել ոչ թե որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես քաղաքացի, որի իրավունքներն ոտնահարվում են: Փաշինյանը տեղավորվել է հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի արձանի տակ: Արձանի ողջ պատվանդանով մեկ պաստառներ են փակցված «+1» գրառմամբ, ներկայումս դրանք շուրջ 50 հատ են: Դա խորհրդանշում է Փաշինյանի հորինած «1+1+1» բանաձեւը, որը ենթադրում է, որ աստիճանաբար մարդիկ կմիանան գործող ռեժիմին հակազդելու գաղափարի շուրջ:



Նշենք, որ ակցիային արդեն միացել են «Հանրապետություն» կուկսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ եւ ուղղակի քաղաքացիներ:



Բացի այդ, ԿԸՀ-ի շենքի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել բոքսի գծով աշխարհի չեմպիոն, պատգամավորության թեկնածու Իսրայել Հակոբկոխյանը: Հակոբկոխյանը պահանջում է անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները թիվ 11 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր նրա թեկնածությունը: Նրա խոսքերով, քվեարկության օրն այդ ընտրատարածքում մի շարք խախտումներ են գրանցվել, որոնք էապես ազդել են քվեարկության արդյունքների վրա: Նա մտադիր է շարունակել հացադուլն այնքան ժամանակ, մինչեւ որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվեն կամ մինչեւ «կնքի իր մահկանացուն», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Ըստ արդյունքների, 5-տոկոսանոց արգելքը հաղթահարել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (առաջնորդ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը (նախագահ` ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությունը (առաջնորդ` ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---